Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀԴՄ-ն` գրպանում

ՀԴՄ-ն` գրպանում
19.04.2013 | 12:26

Պանիկովսկին սագեր շատ էր սիրում։ Սերը, սակայն, անպատասխան էր։ Այսպես հաճախ է լինում, երբեմն էլ ոմանց սերը, զորօրինակ, աթարին է կպչում։ Մի խոսքով «Նարեկ» ՍՊԸ-ի հսկիչ X-ը կտրոնասեր է, ընդ որում, սիրում է բոլոր կտրոնները, կարևորը, որ նրանց եզրաշերտի վրա ալ կարմիր տառերով դրոշմված լինի մոգական գիրը` «ՀԴՄ կտրոն»։ Այնինչ Միխայիլ Սամուելովիչը գերադասում էր հատկապես չաղլիկ սագերը։ Դե սա հասկանալի թուլություն է, որքան սագը թմբլիկ է, նույնքան հաստ է նրա ճարպաշերտը, իսկ գիտեք, թե ի՜նչ համով է բուրում տապակվող սագի ճարպը։ Հավանաբար, տեղյակ եք, ձեզ անուշ վայելում, իսկ մենք դառնանք մի պատմության։ Ապրիլի 16-ի կեսօրին «Իրատես de facto»-ի խմբագրության ավտոմեքենան կայանեց «Այրարատ» տոնավաճառի հարակից ավտոկանգառում։ Տոնավաճառում գնումներն ավարտեցինք, վերադարձանք, գնումներն ի պահ հանձնեցինք մեր համեստ շարժակազմի բեռնախցին ու պատրաստ էինք հետճանապարհը բռնելու։ Մեր մեկնած 100-դրամանոց պսպղուն կլորադրամը հսկիչ X-ի սիրտը շահելու փոխարեն հոնքերից մեկը վեր նետեց, այն էլ զարմացախառն արհամարհանքով, ինչին էլ հետևեց X-ի խորիմաստ բացատրությունը` «ստեղ կայնելը երկու հարուր դրամ ա»։ Երբվանի՞ց, մեր օրինական հարցը շրջանցելով հսկիչը հայացքով չափչփում էր մյուս կայանող շարժակազմերը։ Նրա աչքերում ինչ-որ տենդագին բան էր ցոլցլում, հավանաբար, գալիք «գրդոնի» հրապուրիչ զրնգոցը։ Ստիպված էինք հակադարձել և պահանջել ՀԴՄ կտրոնը։ Մեր պահանջը նախ զարմացրեց X-ին։ Զարմանքը քիչ անց փոխվեց զայրույթի, զայրույթն էլ հասավ իր բարձրակետին, այսինքն` հոխորտանքի։ Այս ոչ ջահել սուբյեկտը նետեց` 100 դրամը տո՛ւր, կտրոնը կլինի։ Խոսքի տերն էր` վերցրեց երկրորդ 100 դրամը, ձեռքը սահեցրեց գրպանը (ձախ ձեռքը` աջ գրպանը) և դուրս քաշեց բռով լի կտրոնները։ Ահավասիկ մեզ հրամցված կտրոնը, որը փաստում է անվրդով, որ «Նարեկ» ՍՊԸ-ն ծառայություն է իրականացրել ու դրա դիմաց 200 դրամ գանձել ապրիլի 16-ի առավոտյան ժամը 9.53-ին։ Մենք ժամը 14-ին էինք կտրոնը պահանջում։ Սրանից զատ, հայտնի չէ, թե որտեղ էր Պանիկովսկու այս պարզունակ հոգեորդին թաքցրել հսկիչ-դրամարկղային մեքենան, գուցե գրպանո՞ւմ։ Բայց չէ, նրա գրպանները կոկիկ հարդարված էին, ակներևաբար այնտեղ ՀԴՄ սարք չկար։ Այն, ի դեպ, նման ծառայություն իրականացնելիս, կապում են պարանոցից, այսինքն, կախում են վզից, նախ հարմար է, հետո էլ` առողջարար։ Գուցե «Նարեկ» ՍՊԸ-ի այս ծառայակիցը պարանոցի խնդի՞ր ունի։ Այս դեպքում կարող էր սարքը ամրացնել գոտուն, դարձյալ հարմար է և ոչ պակաս առողջարար։
Հեռանալիս խնդրեցինք ընկերության ղեկավարին հրավիրել` բացատրություններ տալու։ «Հենա, ընդրանք են», եղավ պատասխանը։ Պատասխանելիս Պանիկովսկու հոգեզավակը ցույց տվեց քիչ հեռու արևկող տված մի քանի հաստաբազուկ ջահելի։ Նրա՞նք էին «Նարեկ» ՍՊԸ-ի սեփականատերը, թե՞ ոչ, այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է, որ պատկան կառույցները պատշաճ հսկողություն սահմանեն նման վայրերում և ճշտեն` այս կարգի գործամոլները կատարո՞ւմ են հարկային պարտավորությունները, թե՞ ամեն բան արվում է «գրպանային ձևաչափով»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ